Գլխավոր Ավելին

Գիտական լսման զեկուցողները կլինիկական օրդինատորներ էին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ կայացած գիտական լսումը սկսվեց մեկ րոպե լռությամբ հարգելով ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ուսուցիչ, ավագ ընկեր Միխայիլ Աղաջանովի հիշատակը։ Գիտական լսմանը զեկուցումով հանդես եկան կլինիկական օրդինատորները։

ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Սոնա Խոսրովյանի զեկույցը վերաբերում էր մանկական և դեռահաս տարիքում միջնապատի դեֆորմացիայով պայմանավորված քթային շնչառության դժվարացման վիրաբուժական բուժման ընտրությանը։

 Իր զեկույցում Սոնա Խոսրովյանը նշեց, որ երեխաների և դեռահասների մոտ քթի միջնապատի միջամտությունների իրականացումը մինչ օրս վիճելի հարց է բժիշկների շրջանում։ Ժամանակակից մոտեցումներով կատարվող միջամտությունները թույլ են տալիս աճող օրգանիզմին վերադարձնել այդքան կարևոր քթային լիարժեք շնչառությունը՝ խուսափելով դիմածնոտային կմախքի դեֆորմացիաների առաջացումից։ Սակայն, վիրահատությունն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել միջնապատի աճման զոնաների տեղակայումը, գործողությունն իրականացնել խնայողաբար, հիվանդին չվնասելով: Հաշվի առնելով համապատասխան ցուցումներն ու հակացուցումները՝ օտորինոլարինգոլոգը խորհուրդ են տալիս որոշ դեպքերում չհետաձգել շնչառության հետ կապված խնդիրների լուծումը՝ հետագայում լուրջ առողջական խնդիրներից խուսափելու նպատակով։

Մյուս զեկույցը ներկայացրեց Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության 1-ին կուրսի օրդինատոր Ռուդիկ Եղիազարյանը՝ խոսելով ձեռքի ծալիչ ջլերի վնասվածքների մասին։ Նա ներկայացրել է ծալիչ ջլերի վնասումը տարբեր մակարդակներում, բուժման առանձնահատկությունները, հետվիրահատական վարման ուղեցույցները եւ բուժման արդյունքները մեր կլինիկայում։

Գիտական լսումն անցավ ինտերակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, գործընկերները բազմաթիվ հարցեր հնչեցրեցին կապված ուղեցույցների, արտասահմանյան և տեղի փորձի, բուժման առանձնահատկությունների մասին։

×
facebook sharing button facebook